Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին բուժաշխատողներին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով կապահովի. Daily Mail
Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում ծրագրում է Beauty United բրենդի հետ նվիրատվություն կատարել առողջապահության աշխատակիցներին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ապահովելու համար: Երիտասարդ միլիարդատիրուհին այս մասին Instagram սոցկայքում իր պաշտոնական էջի «սթորի» բաժնում է հայտնել։
«Մենք անչափ շնորհակալ ենք այն հերոսներին, որոնք իրենց կյանքը վտանգում են մերը փրկելու համար»,- գրել է Քայլի Ջեները՝ երկրպագուներին կոչ անելով ևս նվիրատվություն անել։
Նշվում է, որ «բյութի» բրենդների մի շարք հիմնադիրներ, այդ թվում՝ Keeping Up With The Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, դիմահարդարներ Շարլոթ Թիրբերին, Բոբի Բրաունը, Հուդա Քաթանն իրենց սոցկայքային հարթակներն օգտագործում են կորոնավիրուսի կանխարգելման համար պայքարի մասնակիցներին աջակցելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քայլի Ջեները երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի: Նա Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ հայտնվել էր 2019 թվականի մարտին՝ 21 տարեկանում։
Քայլին դիրքերն ավելի է ամրապնդել իր կոսմետիկ բիզնեսի՝ Kyle Cosmetics-ի 51%-ը 600 մլն դոլարով Coty Inc.-ին վաճառելուց հետո:










