ՀՀ են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ․ Աննա Նաղդալյան

10:44 • 10.04.20

Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նրանք Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։

Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է:

Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Մեր աշակերտներին մաղթում ենք անվտանգ թռիչք և բարի վերադարձ հայրենիք, միշտ լինեն այդպես կենսախինդ ու ժպիտով»,-գրել է Աննա Նաղդալյանը։