Համատարած ինքնամեկուսացման հետևանքով աճել են դեպրեսիան, տագնապները, կպչուն մտքերը, բայց իրական մարտահրավերները կսկսվեն վարակը հաղթահարելուց հետո. Խաչատուր Գասպարյան (տեսանյութ)
Հայաստանում կան մարդիկ, որոնք մեծ կարևորություն չեն տալիս կորոնավիրուսի դեմ պայքարին, չեն հավատում դրա վտանգավորությանը, ավելի շատ մատնված են անորոշության և չգիտեն՝ որքա՞ն կտևի այն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:
«Անորոշությունը ոմանց մեջ տագնապ ու լարում է առաջացնում, ոմանք էլ ապակազմակերպվում են, դառնում ոչ կառուցողական: Բժշկագիտությունը դեռևս չունի այս վարակի բուժման բանաձևը: ԱՀԿ-ն համավարակ հայտարարելու հաջորդ օրն արդեն խոսեց մոլորակի բնակչության հոգեկան առողջության պահպանման անհրաժեշտության մասին՝ առանձնակի կարևորելով խոցելի խավերի հոգեկան առողջությունը»,- ասել է հոգեբանը՝ հավելելով, որ աշխարհի որևէ երկիր պատրաստ չէր նման սպառնալիքի:
Ըստ Գասպարյանի՝ սա մի յուրահատուկ ու անտեսանելի պատերազմ է, պետք է զգոն լինել՝ չպարտվելու համար, և պատրանք է այն, որ աշխարհն ապահով տեղ է, մարդն էլ՝ պաշտպանված. «Բնության մեջ կան ուժեր, որոնք կործանարար են և կարող են սպառնալ մեր կյանքին: Մենք իսկապես համոզվում ենք, որ մինչ այս որդեգրած գերնյութապաշտական արժեքները կորցնում են իրենց նշանակությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետն է հիվանդ, դա նշանակում է, որ մենք բոլորս խոցելի ենք»:
Հոգեբանի կարծիքով՝ մենք ազգովի իմունիտետ ունենք սթրեսների նկատմամբ, շատ ավելի մեծ արհավիրքների միջով ենք անցել, և դա օգնում է դիմագրավելու նոր սթրեսները. «Երբեմն երկրորդային սթրեսը թարմացնում է նախկին սթրեսների պատճառած վերքերը: Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ այսօր ավելի մեծ նյարդային ռեակցիաներ են ցուցաբերում, քանի որ նրանց նախորդ սթրեսների վերքերն ամբողջովին չեն բուժվել: Եթե մենք ինչ-որ մեկին աջակցում ենք այս օրերին, դա նախևառաջ մեզ է բավարարվածություն տալիս, շահառուն մենք ենք»:
Խաչատուր Գասպարյանի պնդմամբ՝ սթրեսը մոբիլիզացնում է օրգանիզմի բոլոր պաշարները՝ և՛ կենսաֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական, որ մարդը հեշտ հաղթահարի առաջացած սպառնալիքը, բայց դրա հետևանքով նա նաև հյուծվում է. «Սթրեսն էներգիայի և բոլոր պաշարների սպառում է առաջացնում, թուլացնում իմունային համակարգը: Երբ սթրեսը քրոնիկ բնույթ է կրում, պետք է փորձել տեսնել կյանքի, ընտանիքի դրական կողմերը: Չի կարելի ապրել այնպես, ասես բոլորս վարակված ենք կորոնավիրուսով»:
Հոգեբանի պնդմամբ՝ տագնապներն ու վախերը պաշտպանական գործառույթ ունեն, դրանք օգնում են առավել զգուշավոր լինել: «Հոգեկան նախատրամադրվածությունը շատ կարևոր գործոն է, և եթե խնդրին մոտենանք ուրիշի վիճակի մեջ մտնելու կարողությամբ, դրանով կօգնենք և՛ ինքներս մեզ, և՛ շրջապատողներին: Նախընտրելի է, որ չկորցնենք մեր ինքնագնահատականը և հավատն ապագայի նկատմամբ: Աշխարհը կորոնավիրուսից հետո, իհարկե, մի քանի ամսում չի վերականգնվելու: Բայց այս պահին բոլորս պետք է ուժերը կենտրոնացնենք հաղթահարման վրա»,- ասել է Գասպարյանը՝ հավելելով. «Այս մարտահրավերը կարող է մարդկանց արժեքային համակարգի, կյանքի իմաստի նոր միտումներ բերել: Առաջանում է հոգեբանական վակուում, քանի որ հինը կորսվել է, իսկ նորը չկա: Համատարած ինքնամեկուսացման հետևանքով աճել են դեպրեսիան, տագնապները, կպչուն մտքերը, բայց իրական մարտահրավերները կսկսվեն վարակը հաղթահարելուց հետո»:
Դավիթ Սարգսյան










