«Այս լքված վայրը մի ժամանակ 1001 եկեղեցիների քաղաք էր». National Geographic-ի անդրադարձը Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիին (լուսանկար)

15:33 • 10.04.20

Ներկայիս Թուրքիայի Կարս քաղաքի մոտակայքում միջնադարյան եկեղեցիների միայնակ մի համալիր է ընկած: Ութանկյուն աշտարակները, փլված պատերն ու ընկած սյուները տարածված են լայնարձակ մարգագետիններով: Կիրճում, որտեղ թափվում է Ախուրյան գետը, կա կեսից բաժանված մի կամուրջ, որը հանդիսանում է Թուրքիայի սահմանը Հայաստանի ժամանակակից պետության հետ: Այսպես է սկսել հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիին նվիրված իր հոդվածը National Geographic-ը:

Այս ավերակներն այն ամենն են, ինչ մնացել է Անիից՝ միջնադարյան Հայաստանի մեծ մայրաքաղաքից, այն թագավորության մայրաքաղաքից, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 300-ական թվականներին: Անի քաղաքը Հայաստանի մայրաքաղաքն է դարձել 10-րդ դարում: Այն տուն դարձավ շուրջ 100 000 մարդու համար և այնքան հարուստ էր կրոնական շինություններով, որ շուտով հայտնի դարձավ որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք:

Սև և Կասպից ծովերի միջև ընկած նրա ռազմավարական դիրքն այն դարձրել էր գրավիչ ու դատապարտել էր դարավոր ներխուժումների և ի վերջո` լքման:

16-րդ դարում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնելուց հետո Անին մոռացված հուշ էր մնացել մինչև 1800-ականները, երբ եվրոպացի ճանապարհորդները սկսեցին այցելել միջնադարյան քաղաքի գտնվելու վայրը: Անիի ավերակները տեղակայված էին աշխարհաքաղաքական հատման գծում` Օսմանյան, Պարսկական և Ռուսական կայսրությունների եզրին: Այստեղ այցելելը ռիսկային գործ էր, քանի որ դրանով թեժանում էր քաղաքական լարվածությունը:

Այնուամենայնիվ, որոշ ճանապարհորդներ այստեղ եկան և հետագայում կիսվեցին իրենց տպավորություններով: 1817 թվականին այստեղ այցելած շոտլանդացի դիվանագետ և ճանապարհորդ Ռոբերտ Կեր Պորտերը նշում է, որ քաղաքի եկեղեցիներից մի քանիսն ավելի քիչ էին վնասված, քան մյուսները, սակայն անգամ նրանց վրա ժամանակն ու ավերածությունները թողել են իրենց հետքը, և նրանք էլ մյուս շինությունների պես լքված են:

1839 թվականին էլ Անիով հիացել է բրիտանական բանակի կապիտան Ռիչարդ Վիլբրեհեմը:

«Քրիստոնեության սուրբ նշանն այստեղ ամեն տեղ կա: Արնագույն կարմիր քարերը հսկայական խաչեր են դարձել և պայքարել են մահմեդականի ոչնչացնող ձեռքի դեմ»,-գրել է բրիտանացի սպան:

Պարբերականը նշում է նաև, որ միջնադարյան Հայաստանի սահմանները տարածվում էին շատ ավելի հեռու, քան ներկայիս պետությանը:

Հին ժամանակներում այս տարածքն անցել է պարսիկների, հետո սելևկյանների, պարթևների ու հռոմեացիների ձեռքը: Բայց երբ այս տարբեր կայսրությունները հզորանում ու անկում էին ապրում, այստեղ միշտ գերիշխում էր հայկական ինքնությունը:

This abandoned site was once the 'City of 1,001 Churches' – HyeTert

 This abandoned site was once the 'City of 1,001 Churches' – HyeTert