Չինաստանում պաշտոնապես արգելել են բնակիչներին սննդի մեջ շան միս օգտագործել. Reuters

17:46 • 10.04.20

Չինաստանի իշխանություններն արգելել են բնակիչներին սննդի մեջ շան միս օգտագործել, հայտնում է Reuters գործակալությունը։

Չնայած որ շան միսը Չինաստանի շատ շրջաններում ավանդական ուտեստների անբաժանելի մասն է կազմում՝  երկրի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ շներն այլևս որպես անասուն չեն դիտարկվի և ընտանի կենդանիների պաշտոնական կարգավիճակ կստանան, ինչն էլ կփրկի նրանց սննդի մեջ օգտագործվելուց։

Ավելի վաղ Չինաստանը կորոնավիրուսի համավարակի հետևանքով մարդկանց արգելել էր վայրի կենդանիների միս ուտել։ Գիտնականները ենթադրում են, որ նոր տեսակի կորոնավիրուսն ավելի վաղ վարակել է չղջիկներին, այնուհետև մուտացիայի ենթարկվելու արդյունքում փոխանցվել մարդկանց։ Այս ամենը տեղի է ունեցել կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքի շուկայում, որտեղ վայրի կենդանիների դաժան սպանդի տեսարանների կարելի է ականատես լինել։

Կայքի փոխանցմամբ՝ Չինաստանում վայրի կենդանիների բուծումը, վաճառքը և սպառումը նույնպես կարգելվի, կոչնչացվեն այժմ գործող բոլոր արտոնագրերը։ Նախարարությունը խոստացել է ամեն բան անել օրենսդրությունը փոխելու և արգելքները մշտական դարձնելու համար։