Ռուսաստանի առաջին ալիքը հայտնել է՝ երբ Ալեքսանդր Դրուզը կվերադառնա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գիտակ, «Բյուրեղապակյա բու» և «Ադամանդե բու» մրցանակի բազմակի մրցանակակիր, խաղի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը խաղ կվերադառնա ապրիլի 12-ին` խաղալով մագիստրոս Վիկտոր Սիդնևի թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում տալով Ռուսաստանի առաջին ալիքի մամուլի ծառայությանը:
«Ինտելեկտուալ ակումբում գարնանային խաղաշրջանը շարունակվում է, ապրիլի 12-ին հեռուստադիտողների դեմ կխաղա Վիկտոր Սիդնևի թիմը: Թիմի կազմում է խաղի մագիստրոս, «Ադամանդե բու» մրցանակի մրցանակակիր, «Բյուրեղապակյա բու» մրցանակի 6-ակի մրցանակակիր Ալեքսանդր Դրուզը»,-ասված է Առաջին ալիքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, թիմի կազմում կխաղան Բորիս Լևինը, Իննա Սեմյոնովան, Լեոնիդ Տիմոֆեևը, Միխայիլ Դյուբան և թիմի ավագ, խաղի մագիստրոս, ակումբի լավագույն թիմի ավագի կոչումը կրող Վիկտոր Սիդնևը:
2019 թվականի փետրվարին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի խմբագիր Իլյա Բերը Ալեքսանդր Դրուզին մեղադրել էր կաշառելու փորձի համար: Բերի խոսքով՝ մագիստրոսն իրեն խնդրել է հաղորդման նոր եթերի հարցերն ու պատասխաններն իրեն ասել, փոխարենը խոստանալով շահումից 3 միլիոն ռուբլի փոխանցել Բերին:
Իր հերթին Դրուզը հայտարարել էր, որ հենց Բերն է իրեն գործարք առաջարկել:
Արդյունքում երկուսին էլ հեռացրել էին երկու ինտելեկտուալ խաղերին մասնակցությունից:
Մայիսին Դրուզը ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար և հրաժարվել էր ինտելեկտուալ ակումբի էթիկայի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից: Միևնույն ժամանակ նա մնացել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ակումբների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնում:










