Ինչպես են մարդիկ արտակարգ դրության պայմաններում պատրաստվում Սուրբ Զատկին (լուսանկարներ)

20:11 • 10.04.20

Ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Զատիկը: Այս տարի առաջին անգամ Հայաստանում Զատիկի արարողությունները կանցկացվեն դռնփակ։ Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Քրիստոսի Հարության տոնը հավատացյալների ֆիզիկական բացակայության պայմաններում։ Սակայն եկեղեցական արարողությանը հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ ինչպես և նախորդ տարիներին։

Չնայած նրան, որ հավատացյալները եկեղեցի չեն գնա և արարողությունը կանցկացվի դռնփակ՝ պայմանավորված ՀՀ-ում մտցված արտակարգ դրությամբ, այդուհանդերձ մարդիկ պատրաստվում են տոնին: Բազմաթիվ մարդիկ, խախտելով արտակարգ դրության ռեժիմի պայմանները, առևտուր են կատարում տոնին ընդառաջ:

Tert.am-ին վանաձորցի օգտատերերից լուսանկարներ են հասանելի դարձել։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ ահա մարտի 24-ից պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մեկշաբաթյա խստացված ռեժիմ սահմանվեց, որով սահմանափակվում էր մարդկանց տեղաշարժը․ մարդիկ տնից դուրս գալիս պետք է ներկայացնեն ձևաթուղթ և անձնագիր: Սակայն կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ ՀՀ պարետի որոշմամբ ապրիլի 1-ից խստացված ռեժիմը ևս 10 օրով երկարացվեց:

Պարետի որոշմամբ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները հսկողություն են իրականացնում, որպեսզի մարդիկ պահպանեն արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումները: Մասնավարապես արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ չպետք է մի վայրում 20 հոգուց ավել խմբով հավաքված լինեն, հետագա խստացումներով մեկ մեքենայի մեջ չպետք է երկուսից ավել մարդ լինի, եթե ընտանիքի անդամներ չեն և այլն:

Այսօր արդեն քննարկումներ են ընթանում սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու մասին:

Վանաձոր



 
Երևան՝ Աջափնյակ