Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 230-ի, Իրանում` 68 192-ի

15:51 • 10.04.20

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 230-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Մեկ օր առաջ հաղորդվել էր երկրում վարակման 214 դեպքի մասին: Վարակվածներից 54-ն առողջացել է, 3-ը` մահացել:

Իրանում էլ վարակման դեպքերի թիվը հասել է 68 192-ի, վարակվածների կեսից ավելին առողջացել է: Իրանում կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

«Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 1972 նոր դեպք, այս տվյալները հաշվի առնելով՝ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 68 192-ի»,-հայտարարել է Ջահանփուրը:

Նրա խոսքով՝ վարակվածներից մահացել է 4232 մարդ, առողջացել է 35 465-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: