Հունաստանն իր օրինակով ցույց է տալիս՝ ինչպես է հարկավոր հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը. Bloomberg
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ամբողջ աշխարհում երկրների կառավարությունները վատ գործելաոճ են դրսևորել: Իսպանիայից մինչև Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ քաղաքական գործիչները չափից ավելի երկար են սպասել իրենց քաղաքացիների պաշտպանության համար անհրաժեշտ կտրուկ քայլերի ձեռնարկման համար: Այս մասին գրում է Bloomberg հանդեսը՝ նկատելով, որ մինչդեռ Հունաստանը նկատելիորեն և, միգուցե ի զարմանս աշխարհի, տվյալ բացասական միտման առումով բացառություն է:
«Այս երկրի կառավարությունը, ի տարբերություն մի շարք այլ եվրոպական երկրների, համավարակի տարածման շատ ավելի վաղ փուլում է սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված խիստ միջոցներ ձեռնարկել: Արագ արձագանքը Հունաստանին օգնել է խուսափել առողջապահական համակարգի ճգնաժամից, որին առերեսվել են շատ ավելի հարուստ ու հզոր պետությունները: Հատկանշական է, որ, ի տարբերություն Իտալիայի և Իսպանիայի, Աթենքը կենսական նշանակություն չունեցող բոլոր խանութները փակել է արդեն առաջին իսկ մահվան դեպքից հետո: Մինչդեռ Իտալիան և Իսպանիան նման քայլի են դիմել կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահվան դեպքերի գրանցումից 18 և համապատասխանաբար՝ 30 օր անց: Բացի այդ, Հունաստանն անհամեմատ ավելի շուտ է արգելք սահմանել բնակիչների ազատ տեղաշարժի համար»,-գրում է աղբյուրը:
Նշվում է, որ այսպիսի արագ արձագանքը զգալի նվազեցրել է երկրի՝ անկայուն առողջապահական համակարգի վրա ճնշումը: Առ այսօր Հունաստանում գրանցվել է վարակման 1955 և մահվան 86 դեպք: Ըստ հաշվարկների՝ Հունաստանի բնակչության յուրաքանչյուր մեկ միլիոն մարդուն «բաժին է հասել» վարակման 188 և մահվան 8 դեպք: Մինչդեռ Իսպանիայում այդ ցուցանիշը մեկ միլիոն մարդու հաշվով կազմում է 3261 և համապատասխանաբար՝ 326, իսկ Իտալիայում՝ 2375 և 302 դեպք:
Աղբյուրը մանրամասնում է, որ հունական կառավարությունն աշխատանքի է ընդունել հավելյալ 4200 բժշկի, ինչպես նաև կիսով չափ ավելացրել ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքների քանակը, ինչն օգնում է համավարակի դեմ պայքարի գործում:
Bloomberg-ն առանձնահատուկ ընդգծում է ստեղծված իրավիճակում երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի դերակատարումը՝ նկատելով, որ Հունաստանի ղեկավարը միջազգային հարթակում դարձել է այսպես ասած «խելամտության ձայն»: Օրինակ՝ նա կոշտ քննադատել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին համավարակի լրջությունը չընդունելու համար:
«Ընդհանուր առմամբ, երկրի քաղաքական համակարգը, այդ թվում՝ ընդդիմությունը, իրավիճակին շատ հանգիստ է արձագանքել՝ ի տարբերություն օրինակ՝ Իսպանիայի, որտեղ ներքաղաքական խժդժություններ են սկսվել: Ինչ վերաբերում է հույն հասարակությանը, ապա այն շատ խելամիտ է գտնվել մեկուսացման կանոնների պահպանման հարցում»,-նկատում է աղբյուրը:
Իր անդրադարձում պարբերականը խոսում է նաև երկրի տնտեսության համար ծանր հետևանքների մասին՝ միևնույն ժամանակ ենթադրելով, որ, դատելով համավարակին Հունաստանի կառավարության տված արագ արձագանքից, երկիրը, ըստ ամենայնի, շատ ավելի արագ ոտքի կկանգնի, քան մյուս երկրները:
«Տարիներ շարունակ Եվրոպայի մեծ մասը Հունաստանին նայել է որպես անլուծելի խնդիր, սակայն իր ամբողջ խոցելիությամբ հանդերձ՝ համավարակի դեմ պայքարի հարցում Աթենքը կարող է գլուխը բարձր պարզած քայլել»,-եզրափակում է հանդեսը:










