Մելանյա Թրամփը տեսաուղերձով կոչ է արել կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նոր տեսաուղերձով մարդկանց կոչ է արել կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրել, իսկ ավելի ուշ Twitter սոցկայքի իր էջում պաշտպանիչ դիմակով լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail պարբերականը։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, շարունակելով հետազոտել COVID-19-ի տարածումը, խորհուրդ է տալիս այնպիսի հանրային վայրերում, ինչպիսիք են մթերային խանութներն ու դեղատները, որտեղ սոցիալական հեռավորություն պահելը դժվար է, դեմքի համար կտորից դիմակներ օգտագործել»,- տեսանյութում նշել է առաջին տիկինը, այնուհետև ընդգծել, որ դիմակը բոլոր դեպքերում չի կարող սոցիալական հեռավորությունը պահելուն փոխարինել։
Առավոտյան հրապարակված տեսանյութը, որում Մելանյա Թրամփը ձեռքին եղած դիմակը այդպես էլ չի մոտեցնում դեմքին, շատ կարճ ժամանակահատվածում տարածվել է համացանցում և բազմահազար դիտումներ գրանցել։
Տեսանյութից ուղիղ երկու ժամ անց հրապարակված լուսանկարում առաջին տիկինն արդեն դիմակ է կրում։ Լուսանկարի վրա՝ ձախ հատվածում, տիկնոջ ավելի վաղ ասված բառերն են։












