Կադիրովը ներողություն է խնդրել Ինգուշեթիայի հետ սահմանի մասին համաձայնագրի հակառակորդների հասցեին հնչեցրած հայհոյանքի համար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ներողություն է խնդրել «հարգարժան մարդկանցից»՝ Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանի վերաբերյալ համաձայնագրի հակառակորդների հասցեին ասված ոչ պատշաճ խոսքերի համար: Այս մասին տեղեկացնում է «Коммерсантъ» պարբերականը: Ապրիլի 9-ին Կադիրովն ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում շատ կտրուկ է արտահայտվել փաստաթուղթը քննադատողների մասին և հայհոյանք է հնչեցրել նրանց հասցեին (այն ինգուշների), որոնք համացանցում գրում են, թե իրենք եղբայր չեն չեչենների հետ:
«Եվ այստեղ ես պետք է ներողություն խնդրեմ իմ խոսքերի համար: Ոչ նրանցից, ովքեր փորձում են վեճ գցել չեչենների և ինգուշների միջև, այլ հարգարժան մարդկանցից: Ես անփույթ արտահայտվեցի, երբ խոսեցի ոչ բարեկամների մասին: Հուզված էի, նույնիսկ չգիտեի, որ ինձնից նման բան է դուրս եկել»,-ասել է Կադիրովը կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստում:
Չեչնիայի ղեկավարը ներողություն է խնդրել Չեչնիայի և Ինգուշեթիայի ավագանուց, ինչպես նաև հանրապետության մուֆթիից (մահմեդականների հոգևոր առաջնորդ), որն այդ պահին իր կողքին նստած է եղել:
ՌԴ կազմի մեջ մտնող 2 հանրապետությունների միջև վարչական սահմանի մասին համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի սեպտեմբերին: Փաստաթղթի ստորագրումը բողոքի ալիք էր բարցրացրել Ինգուշեթիայի մի շարք շրջաններում, ինչը հանգեցրել էր ոստիկանության հետ բախման: Արդյունքում անկարգության մասնակից 20-ից ավելի մարդու նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել:










