Թուրքիայի 30 քաղաքներում և 1 նահանգում երկօրյա պարետային ժամ կսահմանվի. ТАСС

01:41 • 11.04.20

Թուրքիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում երկրի 30 քաղաքներում և ամբողջ Զոնգուլդակ նահանգում 48-ժամյա պարետի ժամ սահմանելու վերաբերյալ որոշում են ընդունել: Այս մասին նշվում է Թուրքիայի ՆԳՆ հայտարարությունում, գրում է ТАСС-ը:

«Ապրիլի 11-ի 00:00-ից ապրիլի 13-ի 00:00-ն մեր բոլոր քաղաքացիների համար Զոնգուլդակ նահանգում, ինչպես նաև երկրի 30 քաղաքաներում փողոց դուրս գալու արգելք է սահմանվում (Ադանա, Անկարա, Այդըն, Բալըքեսիր, Բուրսա, Դենիզլի, Դիարբեքիր, Էրզրում, Էսքիշեհիր, Գազիանթեփ, Հաթայ, Ստամբուլ, Իզմիրլ, Քահրամանմարաշ, Կայսերի, Քոջաելի, Քոնյա, Մալաթիա, Մանիսա, Մարդին, Մերսին, Մուղլա, Օրդու, Սակարիա, Սամսուն, Շանլըուրֆա, Թեքիրդագ, Տրաբզոն, Վան)»,- նշվում է հաղորդագրությունում:

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 4700-ով՝ 42 282-ից հասնելով 47 029-ի, մահացածների ընդհանուր թիվը 1006 է, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Այսօր արձանագրվել է 4747 նոր դեպք, ընդհանուր՝ 47 029 վարակակիր։ Մենք այսօր կորցրել ենք 98 հիվանդների, ընդհանուր մահացածների թիվը՝ 1006 է, բուժվել է 2423 հիվանդ», - լրագրողներին ասել է Քոջան։