Նախատեսում են ներկրել կորոնավիրուսի ախտորոշման ևս 20 հազար թեստ, ինչպես նաև 100 հազար թեստի հումք՝ տեղում արտադրելու համար. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Հայաստանը նախատեսում է ներկրել կորոնավիրուսի ախտորոշման ևս 20 հազար թեստ, ինչպես նաև 100 հազար թեստի հումք՝ տեղում արտադրելու համար: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Հաջորդ թռիչքով, որը նախատեսվում է Չինաստանից, մենք ներկրելու ենք 100 հազար թեստերի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Ինչպես նաև նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով Հայաստանում արտադրել ՊՇՌ թեստեր: Եվ թեստերի մեր կարիքը պետք է կարողանանք ամբողջական բավարարել՝ այն ներկրումներով, որոնք արդեն արել ենք»,-ասաց նա և հայտնեց, որ մոտ 60 հազար բերել են Չինաստանից, 20 հազար սպասում են Լեհաստանից:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին էլ, թե որքան է կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը, Տիգրան Ավինյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին դրությամբ մոտեցել է 13 օրվան: «Կրկնապատկման 10-օրյա ցիկլը վերջին 4 օրերի ընթացքում փոփոխվել է, և ցուցանիշն ավելի է բարելավվել: Այս փուլում կրկնապատկման ցիկլը մոտավորապես 13 օր է: Այսինքն, եթե եղած ցուցանիշները պահպանվեն, դեպքերի կրկնապատկումը կլինի 13-օրյա ժամանակահատվածում»,-ասաց Ավինյանը:










