Ադրբեջանում 56 մարդ, հանուն տնից դուրս գալու, հարազատին «հուղարկավորել» է. նրանք բոլորը տուգանվել են
Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում հուղարկավորության մասնակցելու պատրվակով նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմը խախտելու համար բերման է ենթարկվել 56 մարդ, հայտնում է minval.az կայքը։
Ադրբեջանում մարդկանց տեղաշարժը սահմանափակելու համար իշխանությունները հաղորդագրության միջոցով աշխատող համակարգ են կիրառում, որը ենթադրում է, որ անձը տնից դուրս գալուց առաջ պետք է 8103 համարին հաղորդագրություն ուղարկի՝ նշելով, թե որն է ելքի պատճառը։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Բաքվում և երկրի այլ շրջաններում 56 մարդ է բերման ենթարկվել, որոնք ստել են, թե տնից դուրս են գալիս հարազատի հուղարկավորությանը մասնակցելու համար։
Նշենք, որ Ադրբեջանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ մերձավոր հարազատներ են համարվում անձի տատիկ-պապիկները, ծնողները, որդեգրող ծնողները, եղբայր-քույրերը, ամուսինները, երեխաները, որդեգիր երեխաները և թոռները: Իրավախախտների նկատմամբ 100 մանաթի չափով տուգանք է սահմանվել (մոտ 30 000 ՀՀ դրամ)։
«Տեղեկացնում ենք, որ 8103-ին ուղարկված ցանկացած դիմում մանրամասն հետաքննվում է, այդ պատճառով էլ քաղաքացիները չպետք է չարաշահեն այդ ծառայությունը, հակառակ դեպքում նման պահվածքը որպես կարանտինային ռեժիմի խախտում կդիտարկվի, և այդ անձանց դեմ լուրջ միջոցներ կձեռնարկվեն»,- ասվում է հայտարարության մեջ։










