Ջո Բայդենի նախկին օգնականը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների համար․ Բայդենի նախընտրական շտաբում հերքում են մեղադրանքները․ AP
ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հավանական մրցակից Ջո Բայդենի նախկին օգնականը վերջինիս մեղադրել է սեռական ոտնձգության համար, գրում է AP-ն։
«Ջո Բայդենի նախկին օգնականը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուին մեղադրում է 1990-ականների սկզբին՝ այն ժամանակ, երբ դեռ Բայդենը սենատոր էր, իր հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Բայդենի նախընտրական շտաբում հերքում են մեղադրանքները», - հայտնում է լրատվամիջոցը։
Թարա Ռիդեն AP-ին տված վերջին երկու հարցազրույցներում պնդել է, որ հարձակումները տեղի են ունեցել 1993 թվականի գարնանը՝ Կապիտոլիումի բլրի նկուղային հարկում։
Աղբյուրը գրում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռիդեն մեղադրում է նախկին փոխնախագահ Բայդենին։
Բայդենի քարոզարշավի ղեկավարի տեղակալ և հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ նախկին փոխնախագահն «իր հասարակական կյանքը նվիրել է կանանց նկատմամբ բռնության մասին օրենքների փոփոխությանը»:
«Այս պնդման մեջ ակնհայտ է մի բան. այն կեղծ է։ Նման բան տեղի չի ունեցել», - ասել է նա։
Ինչպես նշում է գործակալությունը, Ռիդեի մեղադրանքը ներկայացվել է «Բայդենի համար կարևոր պահի»՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Բեռնի Սանդերսի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուց հետո Բայդենը համարվում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի միասնական թեկնածուի գլխավոր հավակնորդը։










