Քաղաքացիների տեղորոշման մասին նախագծի ընդունումից հետո տեղորոշվել է 3029 մարդ. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Քաղաքացիների տեղորոշման մասին նախագծի ընդունումից հետո քանի՞ քաղաքացու մասին տեղեկատվություն, տվյալներ են մշակվել տեղեկատվական կենտրոնում: Այս մասին ԱԺ հատուկ նիստում պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ավինյանն արձագանքեց՝ ավտոմատացված եղանակով վերլուծվել է թվով 315 հիվանդի կոնտակտներ: «Դիտարկվել է համակարգի ներդրումից նախորդող 14 օրվա տվյալները և վերհանվել է 3029 կոնտակտ, որը չի ներառում համաճարակաբանների կողմից իդենտիֆիկացված անձանց. սրանք լրացուցիչ կոնտակտներ են եղել: Այսինքն՝ 3029 կոնտակտ համակարգի միջոցով տեղորոշվել է և այս 3029 կոնտակտից բոլորի հետ կապ է հաստատվել, նրանց մի մասն ինքնամեկուսացվել է»,- ասաց նա:
Պարետը նշեց, որ ԱԻՆ աշխատակիցներն կոնտակտի և ինքնամեկուսացվածների 9339 զանգ են իրականացրել, ևս 2596 զանգերին պարբերաբար պատասխանող չի եղել:
«Համակարգում ունենք հնարավորություն արձագանքել այն մարդկանց, ովքեր ունեն սննդի կարիք, այսինքն երբ ավտոմատացված ռեժիմով ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց զանգ է իրականցվում, նաև տվյալ է հավաքագրվում՝ արդյոք նա ունի՞ սննդի կարիք, եթե այո, ապա ավտոմատացված համակարգը ուղարկում է տվյալներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որ այդ անձանց ապահովենք սնունդով»,- նշեց նա:
Ավինյանը տեղեկացրեց, որ ընդհանուր այս ընթացքում ինքնամեկուացվել է շուրջ 7000 անձ, տարբեր ժամանակներում նրանց մի մասը դուրս է եկել, մի մասը վերադարձել է մեկուսացման ռեժիմի: «Ունենք արձանագրված մոտ 400 խախտումների դեպքեր։ Ոստիկանությունը գնացել է այդ հետքերով, կամ արձանագրել է, կամ եղել է բացատրություն, թե մարդն ուր է գնացել, և այլն»,- նշեց նա:










