«Թող նույնիսկ չանհանգստանան». Լուկաշենկոն խոստացել է, որ Բելառուսում ոչ ոք չի մահանա կորոնավիրուսից

17:47 • 13.04.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ Բելառուսում ոչ ոք չի մահանա կորոնավիրուսից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թող նույնիսկ չանհանգստանան: Մեր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահանա: Ես հրապարակայնորեն եմ հայտարարում սա: Սա իմ խորին համոզմունքն է` հիմնված ոչ միայն անցած տարիների փորձի վրա: Մենք արդեն այս տարվա փորձն էլ ունենք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է նաև, որ Մինսկը հիմնվում է վիրուսի դեմ պայքարի միջազգային փորձի վրա: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ «բելառուս բժիշկները դեղամիջոցների կոմբինացիա ունեն կորոնավիրուսը բուժելու համար»:

Բելառուսի նախագահը հայտարարել է նաև, որ կորոնավիրուսը ոչ մի մահվան ելքի դեպքում էլ պատճառ չի հանդիսացել, նրա խոսքով՝ դրանք եղել են «քրոնիկ հիվանդությունների փնջի պատճառով»:

Լուկաշենկոն նաև գովել է երկրի քաղաքացիներին՝ անվտանգության կանոններին հետևելու համար:

«Ապրեն մարդիկ: Ոչինչ չենք արգելել, բայց ասել ենք, որ կյանքը ձեր ձեռքերում է: Այնտեղ, որտեղ մարդ չի ուզում գնալ, չի գնա: Ոչինչ չենք արգելել, ոչ մի կարանտին, ոչինչ չենք սահմանել: Այժմ փողոցներում ցնծացող մարդիկ չկան: Այսինքն՝ մարդիկ արձագանքել են, մարդիկ դա հասկանում են: Եվ պետք չէ նրանց քշել բնակարաններ ու փակել նրանց այնտեղ»,-ասել է Լուկաշենկոն:

Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2919 դեպք, մահացել է 29 մարդ, առողջացել` 203-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: