«Մենք պատրաստ չէինք կորոնավիրուսին, բայց դիմակայեցինք». Մակրոնը 1 ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկ ամսով երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին ֆրանսիացի նախագահն ասել է ուղիղ հեռարձակման ժամանակ: Արտակարգ դրության ընթացքում սահմանված խիստ միջոցներն ու փակ սահմանները կպահպանվեն մինչև մայիսի 11-ը:
«Պարզ է, որ մենք պատրաստ չէինք կորոնավիրուսին, բայց մենք դիմակայեցինք դրան: Համավարակը դեռ չի ավարտվել, մենք պետք է շարունակենք մեր ջանքերը և հետևենք կանոններին: Որքան լավ պահպանենք այս կանոնները, այնքան ավելի շատ կյանքեր կփրկվեն», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ դպրոցները կբացվեն մայիսի 11-ից:
Ֆրանսիայում վերջին մեկ օրում 574 մարդ է մահացել կորոնավիրուսից՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 14 967-ի, վարակվածներինը՝ 136 779-ի:










