Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Որոշումը ընդունվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից:
Օկրուաշվիլին մեղադրվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այն է` զանգվածային անկարգությունների կազմակերպում, առաջնորդում կամ մասնակցություն: Օկրուաշվիլիի մեղադրանքը կապված է 2019 թվականի հունիսի 20-21-ին Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի հետ:
Վրաստանում 2019 թվականի հունիսի 20-21-ը հակակառավարական բողոքի ակցիաներ էին անցկացվում: Բողոքի ակցիաների պատճառ էր հանդիսացել Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ժամանել էր նաև ռուսական պատվիրակությունը: Ցուցարարները վրացական իշխանություններին մեղադրում էին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի նախագահի տեղը զբաղեցնել և նիստը ռուսերեն վարել թույլ տալու համար: Ի վերջո ցուցարարներին հաջողվել էր կասեցնել նիստի ընթացքը, իսկ հունիսի 20-ին նրանք նոր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փորձելով գրոհել խորհրդարանի շենքը: Անկարգությունների հետևանքով տուժել էր 240 մարդ, ավելի քան 300-ը ձերբակալվել էր: Հասարակության շրջանում կոշտ քննադատություն է սկսվել հատուկ ջոկատայինների գործողությունների վերաբերյալ: Նրանց արձակած ռետինե գնդակները մի քանի մարդու զրկել են տեսողությունից: Ընդդիմադիրների շարքում էր և ակցիայի կազմակերպիչներից մեկն էլ հանդիսանում էր նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին:
Օկրուաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2004-2006 թվականներին:










