Ներկա պահին կորոնավիրուսով վարակված որևէ բժշկական ծառայության սպա, ենթասպա, կամ պայմանագրային զինծառայող չունենք. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

17:24 • 13.04.20

Ներկա պահին կորոավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչակառան սարքին միացված զինծառայող, թոքաբորբով հիվանդ զինծառայող չունենք: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նա չհրապարակեց զինծառայողների շրջանում մեկուսացվածների թիվը, բուժվողների թիվը, սակայն նշեց, որ բուժվողների թիվը չնչին է: «Ունենք արդեն բուժումն ավարտած և հետագա զինվորական ծառայության դուրս գրված զինծառայողներ: Այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ 6 զինծառայող բուժվել է»,-տեղեկացրեց նա:

Նա նշեց, որ զինծառայողներին զորանոցային վիճակի բերելու կարիքը ներկա պահին չկա, ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ նման խնդրի առաջ կանգնած չենք: «Հարգելի քաղաքացիներ, Զինված ուժերի բժշկական ծառայությունը իր տարիների փորձը ներ է դնում ներկայումս Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում»,-ասաց նա։

Սահակ Օհանյանն ասաց, որ զորակոչը ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել, սակայն դեռ վաղ համարեց այդ մասին խոսել: «Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին, բոլորին հատկացված է անհատական պաշտպանիչ միջոցներ, կատարվելու են ախտահանման աշխատանքներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայողների աշխատանքից հետո տուն գնալուն և մարդկանց հետ շփվելուն, ապա ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետն ասաց, որ նշված կազմի հետ արդեն երկու ամսից ավելի է աշխատանքներ են կատարվում, քարոզվում է, որ ծառայությունից հետո շփումները մաքսիմալ սահմանափակվեն, խանութ գնալուց, շփումներ ունենալուց էլ բոլորին հորդորվել է անհատական պաշտպանություն ունենալ՝ ձեռնոցներ, դիմակներ կրել:

«Բուժվողների և մեկուսացվածների համար գերազանցված պայմաններ են ստեծղված»,-ասաց նա: Անդրադառնալով տեղեկությանը, որ զորամասերից մեկի ճաշարանի աշխատակիցներից մեկը վարակված է կորոնավիրուսով, նա նշեց, որ այդ աշխատակիցը ձևակերպված է որպես սպասք լվացող, ունեցել է ջերմություն, տեղեկացրել է այդ մասին և զորամաս չի այցելել: «Այդ զորամասում բոլոր սնունդ մատակարարողները մեկուսացվել են, կազմը փոխվել է»,-ասաց նա և նշեց, որ այդ անձը որևէ առնչություն չի ունեցել զինվորների հետ:

Սահակ Օհանյանն ասաց, որ ներկա պահին բժշկական ծառայության որևէ վարակված սպա, ենթասպա, կամ պայմանագրային զինծառայող չունենք: Նա նշեց, որ Պաշտպանության բանակում իրավիճակը վերահսկելի է, հանգիստ է, այնտեղ խնդիր չկա։