Ինչ է թե գրանցված աշխատող չեմ՝ զրկվել ենք ամեն ինչից ու 2 երեխաների հետ դրսում հայտնվել, 100 դրամ չունեմ՝ հաց առնեմ. քաղաքացին՝ արտակարգ դրության ընթացքում առաջացած խնդիրների մասին (տեսանյութ)
Հիմա երկու երեխաներիս հետ լուրջ սոցիալական խնդիրներ ունենք, բայց ում զանգում ենք, չեն պատասխանում: Մարդիկ կա´մ անտեսում են, կա´մ ասում, որ մեր ընտանիքին աջակցելու ծրագիր չունեն: Ես ոչ մի ծրագրի մեջ ներառվել չեմ ուզում, ինձ թեկուզ պարտքով գումար տային, ես կկարողանայի այս վիճակից դուրս գալ, աշխատել ու գումարը վերադարձնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Աստղիկ Եղիազարյանը, ով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված սոցիալական խնդիրների առաջ է կանգնել:
«Ես տասներեք տարեկանից աշխատել եմ, միշտ էլ կարողացել եմ օրավարձով աշխատել ու երկու երեխաներիս պահել: Հիմա, ինչ է թե գրանցված աշխատող չեմ՝ զրկվել ենք ամեն ինչից, ու դրսում ենք հայտնվել: Որտեղ զանգում ենք, ինչ-որ անհասկանալի պատասխաններ են տալիս, թե ոսպ ու բրինձ կտանք, բայց ես մեկուկես օր բակում եմ մնացել»,- ասաց նա:
Քաղաքացին ներկայացրեց, որ իր երկու երեխաների հետ ապրել է ծանոթներից մեկի տանը, քանի որ նրանք Հայաստանում չեն եղել, բայց վերադարձել են ու ցանկանում են տունը վարձով տալ: «110,100 դրամ տան վարձ են ուզում, բայց ես 100 դրամ չունեմ, որ հաց առնեմ: Ես փետրվարին Սոցապ նախարարություն էի դիմել, որպեսզի նպաստ ստանամ, բայց հիմա ասում են, որ նպաստը ապրիլի 20-ից հետո կլինի ու մոտ 30,000 դրամ»:
Նա նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է օթևան տալ իրենց «Վետերան օթևան» շենքում, սակայն ըստ նրա՝ շենքում անմարդկային պայմաններ էին և երեխաներին այնտեղ պահելը՝ շատ վտանգավոր: «Ուրախ-ուրախ գնացի՝ մտածելով, որ ժամանակավոր կապրենք, մինչև այս վիճակից դուրս գանք, բայց գնացի ու տեսա, որ ո՛չ դուռ կար սենյակներին, ո՛չ պայմաններ: Բացի հիվանդ ծերերից, այնտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ կային, որոնք կարող էին երեխաներիս վնասել»:
«Եթե Զարուհի Բաթոյանը կկարողանա իր երեխաներին այնտեղ պահել, ապա երդվում եմ՝ իմ երեխաներին կտանեմ ու նրանց կողքին կպահեմ: Ասում են՝ սա ունենք, ուրիշ հնարավորություն չունենք: Ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, սրտիս երեք փականները չեն գործում ու ինձ նման պայմաններ են առաջարկում: Առաջարկում են, որ երեխաներս խաղան այնտեղ, որտեղ տարեց մարդկանց դիակներ են օրերով մնացել»,- ներկայացրեց նա:
Քաղաքացին պատմեց, որ կրկին հետ է եկել նախկին տուն, բայց տան տերը ժամանակ է տվել, որպեսզի դուրս գան, և վաղը այդ ժամանակը լրանում է: Նա նշեց, որ իրեն առաջարկել են երեխաներին մանկատուն տանել, մինչև արտակարգ իրավիճակը վերջանա, սակայն նա դրան համաձայն չէ, և երեխաներին երբեք չի թողնի:
«Ես ուղղակի խնդրում եմ, որ թեկուզ փոքր գումարով օգնեն, մինչև այս ամիսը վերջանա: Այս ի՞նչ եք անում մարդկանց հետ, որ այս իրավիճակին ենք հասել: Ես մուրացիկ չեմ, բայց այսօր երեխաներս մեկ հացի կարիք ունեն: Ես միշտ աշխատել եմ, բայց հիմա նման վերաբերմունք ստանալն իսկապես մարդկային չէ: Բոլորն անտեսում են»,- շեշտեց քաղաքացին:










