ԱՄՆ-ն հաջորդ ամսվանից աստիճանաբար «կվերաբացի» երկիրը․ Independent
ԱՄՆ-ն մտադիր է «հաջորդ ամիս» աստիճանաբար վերացնել սոցիալական հեռավորության միջոցառումները և տնտեսական սահմանափակումները, հայտարարել է ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, գրում է Independent-ը։
«Մենք, հավանաբար, աստիճանաբար կբացենք երկիրը հաջորդ ամիս»,- ասել է Ֆաուչին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երկրի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ բոլոր որոշումները կընդունվեն բացառապես հանրային առողջության նկատառումներից ելնելով՝ պետական և տեղական մակարդակներում՝ կախված յուրաքանչյուր նահանգի պահանջներից և հանգամանքներից, այլ ոչ թե «մեկ լուծումը համապատասխանում է բոլորին» ազգային մոտեցման հիման վրա:
ԱՄՆ բնակչության ճնշող մեծամասնությունն ապրում է տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, որոնք մտցվել են տեղական իշխանությունների կողմից։ Ներկայում Սպիտակ տունը խորհուրդ է տալիս ամբողջ երկրում սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները երկարաձգել մինչև ապրիլի 30-ը։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,925,190 դեպք, 119,701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447,833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










