«Դեռ կգա ժամանակ, երբ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»․ Պոմպեոն խոստացել է գտնել կորոնավիրուսի «մեղավորներին»․ Bild

09:46 • 14.04.20

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ապագայում դեռ պետք է գտնել կորոնավիրուսի համավարակի մեղավորին՝ նշելով, որ Չինաստանը ժամանակին հիվանդության մասին տվյալներ չի տրամադրել:

«Մենք ցավում ենք, որ այս վարակը, այդ համավարակը, որը սկսվել է չինական Ուհանում, բավականաչափ արագ հայտնի դարձավ։ Չինաստանի կառավարությունը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, ժամանակին այդ տեղեկությունը չի տրամադրել», - հայտարարել է Պոմպեոն։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի համավարակի պատճառով աշխարհի երկրների կրած վնասների և մարդկային զոհերի համար, Պոմպեոն հայտարարել է, որ դեռ պետք է բացահայտել իրական մեղավորներին։

«Գլոբալ քննարկում է անրաժեշտ։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է սկսվել այս վարակը և որտեղ։ Դեռ կգա ժամանակ, երբ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Այս պահին անհրաժեշտ է կենտրոնանալ ընթացիկ աշխատանքի վրա, որպեսզի կրկին գործարկվի ամերիկյան, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունը: Դեռ կգա մեղադրանքների ժամանակը»,- նշել է Պոմպեոն։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 190 դեպք, 119 701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: