«ԱՄՆ նախագահն ունի բացարձակ իշխանություն»․ Թրամփը բորբոքվել է՝ լրագրողներին մեղադրելով «անարդար քննադատության» համար․ CNN (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ արձագանք է տվել լրագրողների՝ կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը հաղթահարելու հարցում որդեգրած քաղաքականության վերաբերյալ հարցին, գրում է CNN-ը:
«Նրա կտրուկ արձագանքն ապացուցում է, որ առողջապահության համաշխարհային աղետի ֆոնին Թրամփի գլխավոր մտահոգությունը ԶԼՄ-ներում իր ելույթների և որդեգրած քաղաքականության «ճշգրիտ և արդարացի» ներկայացումն է»,- գրում է աղբյուրը։
Լրագրողների՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ժամանակին չսկսելու դիտարկումներից հետո, Թրամփը բորբոքվել է՝ նրանց մեղադրելով «անարդար քննադատության» համար՝ ընդգծելով, որ «արդյունավետորեն հաղթահարում է հիվանդության բռնկումը»։
«Այն, ինչ արել ենք, ճիշտ է եղել։ Երբ ինչ-որ մեկը Միացյալ Նահանգների նախագահն է, նա ունի բացարձակ իշխանություն»,- պնդել է նա՝ հավելելով, որ կհրապարակի իր հայտարարությունը հաստատող հաշվետվություններ:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 190 դեպք, 119 701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










