«Կորոնավիրուսը 10 անգամ ավելի մահացու է, քան խոզի գրիպը»․ ԱՀԿ

11:54 • 14.04.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը տասն անգամ ավելի վտանգավոր է H1N1 գրիպից (խոզի գրիպ), գրում է The Independent-ը։

Գեբրեյեսուսը նշել է, որ խոզի գրիպի համաճարակը տևել է 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը և այդ ընթացքում վարակվել է ավելի քան 1,6 միլիոն մարդ: Այդ վարակից մահացել է 18 449 մարդ, այն դեպքում, երբ Covid-19-ով, որի բռնկումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանում, արդեն վարակվել է գրեթե երկու միլիոն մարդ, իսկ զոհերի թիվը 10 անգամ գերազանցում է գրիպից մահացածների թիվը:

«Մենք գիտենք, որ Covid-19-ը տարածվում է արագ, և որ այն տասն անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականի խոզի գրիպը։ Գիտենք, որ վիրուսն ավելի հեշտ է տարածվում մարդաշատ վայրերում, օրինակ՝ ծերանոցներում։ Գիտենք նաև, որ վարակի վաղ հայտնաբերումը, թեստավորումը, մեկուսացումը, յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունը, վերջինիս շփման շրջանակների բացահայտումն առանցքային դեր ունեն կորոնավիրուսի փոխանցումը կանխելու համար»,- հայտնել է ԱՀԿ ղեկավարը՝ նշելով, որ «մի քանի երկրներից ստացված տվյալները մեզ ավելի հստակ պատկերացում են տալիս այս վիրուսի և այն մասին, թե ինչպես է այն դրսևորվում, ինչպես կանխարգելել և ինչպես բուժել այն»,- ասել է նա։

Գեբրեյեսուսը որոշ երկրներում սոցիալական հեռավորության միջոցառումների թուլացման ֆոնին նաև դիմել է երկրների կառավարություններին՝ խնդրելով մարդու առողջությունն առաջնային գերակայություն համարել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 190 դեպք, 119 701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: