«Հյուսիսային Կորեան երկրում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպքի մասին մեզ չի հայտնել»․ ԱՀԿ ներկայացուցիչ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը չի հայտնել նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպքի մասին, երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը, գրում է ria.ru-ն։
«ԿԺԴՀ-ն ԱՀԿ-ին չի հայտնել երկրում COVID-19-ով հիվանդության ոչ մի դեպքի մասին»,- ասել է նա:
Ավելի վաղ հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել էր, որ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման հենց սկզբից ԿԺԴՀ-ում «մանրակրկիտ հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկվել, համապետական մասշտաբով ապահովվել է պաշտպանական միջոցառումների հետևողական կազմակերպվածությունը, ինչի շնորհիվ էլ պահպանվում է կայուն հակահամաճարակային իրադրությունը»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,934,557 դեպք, 120,438-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 456,737 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










