Մադրիդում փակել են կորոնավիրուսի ֆոնին բացված երեք ժամանակավոր դիահերձարաններից մեկը

17:19 • 14.04.20

Մադրիդում երեք ժամանակավոր դիահերձարաններից մեկը, որը բացվել էր կորոնավիրուսի համավարակի ֆոնին, փակվել է, հայտնել են ինքնավար համայնքի իշխանությունները, գրում է ria.ru-ն։

Խոսքը Մադրիդի Մախադաոնդա արվարձանում գտնվող ժամանակավոր դիահերձարանի մասին է, որն աշխատանքը սկսել էր ապրիլի 4-ին:

Աշխատանքի ողջ ընթացքում Մախադաոնդայի փակ սահադաշտում ժամանակավորապես պահվել է զոհերի 162 մարմին: Զինվորականները դիերը տեղափոխել են հիվանդանոցներից և ծերանոցներից: Այնտեղից նրանց տեղափոխել են թաղման ծառայությունները, որոնք այժմ չափազանց ծանրաբեռնված են և չեն կարողանում ապահովել մարմինների պահպանությունն ու բոլոր զոհերի հուղարկավորությունը։

Ընդ որում, վերջին ժամանակներս երկրում նկատվում է վիրուսի տարածման զգալի դանդաղեցման միտում, Առողջապահության նախարարության ղեկավարությունը հայտարարում է, որ Իսպանիայում կորոնավիրուսի պիկն այլևս անցյալում է։

Իսպանիայում բարձր պատրաստության ռեժիմը երկարացվել է մինչև ապրիլի 26-ը։ 

Համաճարակի սկզբից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 172 541 դեպք, որոնցից 18 056-ը՝ մահվան ելքով։