Ընտրություններ անցկացնելը ցանկությամբ չէ, Սահմանադրության պահանջ է․ Արցախի պարետ (տեսանյութ)
Մենք կգործենք իրավիճակին և զարգացումներին համապատասխան: Բոլոր պարտադիր պայմանները պահպանված են, կուտակումներ չկան: Այս մասին այսօր Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չէ, դա Սահմանադրության պահանջ է, և երկրի ղեկավարը տվյալ դեպքում իրավասու չէ հետաձգել ընտրությունները և կիրառել ռեժիմ՝ բացի նրանից, որը հիմա է կիրառված»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, երբ մեկ մարդու համար հնարավոր է Սահմանադրություն փոխելը, իսկ ամբողջ ժողովրդի առողջության համար հնարավոր չէ, պարետը պատասխանեց. «Սահմանադրություն փոխելը հանրաքվե է ենթադրում, դրանով ամեն ինչ ասված է: Այս պահին՝ թե՛ ընտրությունները, թե՛ հանրաքվեն նույն ընթացակարգն են կանխատեսում»:
Պարետը նշեց, որ առաջին վարակակիրը մասնակցել է ընտրությունների առաջին փուլին, բայց պարետը նշեց, որ տեղեկությունների համաձայն՝ անձը պաշտպանված է եղել և՛ դիմակով, և՛ ձեռնոցներով: Նա ներկայացրեց, որ այս պահին Միրիկ համայնքում և հարակից համայնքներում ընդամենը մեկ դեպք ունեցանք, որը առաջին վարակակրի ընտանիքի անդամն է:
«Այս պահի դրությամբ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է: Մենք ունենք վարակի երեք աղբյուր, որոնցից երկուսը սահմանափակված և վերահսկվում է, իսկ մյուսի վրա դեռ աշխատում ենք»,- նշեց Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչպես են Միրիկ համայնքում կազմակերպվել ընտրությունները, քանի որ այնտեղ մարդիկ մեկուսացված են, պարետը պատասխանեց, որ իշանությունը պարտավոր է բոլորի համար ընտրելու իրավունքն ապահովել, արտակարգ դրության ժամանակ հնարավոր են սահմանափակումներ, սակայն նա նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ընտրական ինչ իրավիճակ է Միրիկ համայնքում:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի նախագահի ընտրություններն ընթանում են մարտի 31-ին առավելագույն քվե ստացած երկու թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև։
Մանրամասները՝ տեսանյութում։










