Դա ինչ հարակից զեկուցում էր, հետո էլ նեղանում եք, որ Ձեզ խորհուրդ ենք տալիս. բանավեճ Արթուր Դավթյանի և Էդմոն Մարուքյանի միջև (տեսանյութ)
Մեկ-երկու ամիս առաջ միասին նախագծեր էինք բերել, Դուք կանգնեցիք ու հայտարարեցիք, որ խնդրում եք առանձին բերենք, հիմա ասում եք՝ խնդրում ենք միասին բերեք. խնդրում եմ կողմնորոշվեք՝ միասին, թե՞ առանձին: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմանը, որ նախագծերը ներկայացվել է միասին:
Տարոն Սիմոնյանը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանն ասի, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում, քանի որ ամբիոնից ներկայացվում է այլ նախագիծ, կոչ արեց՝ լավ ընթերցել, որ այլ բան չներկայացվի: «Մենք ինչ նախագիծ էլ բերենք, դուք այստեղ շատ եք, կարող եք հերթով խոսել այլ նախագծի մասին»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություն, ԱԺ լիագումար նիստում քվեարկությամբ չընդգրկվեցին օրակարգ:
«Իմ քայլ» խմբակցության անդամ Արթուր Դավթյանն իր ելույթում ասաց, որ որևէ մտադրություն չունեն բերված նախագծերը փոխել և այլ բան քննարկել: «Խնդրում եմ հաշվի առեք, որ Ձեր գործընկերներն այն նախագծերը, որոնք դրված է շրջանառության մեջ, բոլորը կարդում են, տեղյակ են և միայն Դուք չէ, որ կարդում եք ու տեղյակ եք: Խորհուրդ եմ տալիս՝ այլևս նման խորհուրդով Ազգային ժողովին չդիմել»,-ասաց նա:
Վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես չէի ուզում միջամտեի, բայց մի հատ հիշեք, թե Ձեր հարակից զեկուցմանը ինչ ձևով գիտական նախագիծը անլրջացրեցիք, հետո ասեք՝ խորհուրդ տվեք կամ մի տվեք: Դա ինչ հարակից զեկուցում էր, հետո էլ նեղանում եք, որ Ձեզ խորհուրդ ենք տալիս ասում ենք՝ մի արեք, բա մի արեք»,-ասաց նա և նշեց, որ Տարոն Սիմոնյանը ճիշտ խորհուրդ է տալիս, քանի որ նախագծի էությունն այն չէր, ինչ ներկայացվեց:
Արթուր Դավթյանն արձագանքեց՝ նշելով, որ նախագծի էությունն ինչ եղել է, այն էլ ներկայացվել է: «Մենք գտնում ենք, որ այո, դա այստեղ բերելու նախագիծ չէր, դրա համար էլ բացասական ենք քվեարկել: Իսկ խորհուրդների դեպքում էլ, երբ որ կդիմենք խորհուրդների, այն ժամանակ էլ խորհուրդը կտանք»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովում անլուրջ նախագիծ կամ անլուրջ վերաբերմունք չի լինում: «Կարևորն այն է, որ գործնական և կառուցողական մթնոլորտը հանձնաժողովում հանգեցրել է նրան, որ առնվազն ԼՀԿ պատգամավորների հետ գրեթե ամենօրա ռեժիմով փորձում ենք քննարկումներ կազմակերպել, արդյունքում՝ գալիս ենք այստեղ, խնդիրը վերածվում է քննադատության, որը որևէ աղերս չունի այն աշխատանքի հետ, որը կատարում ենք»,-ասաց նա:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Ամեն դեպքում, այսօր սովորեցինք, որ նախագծերը լինում են գիտական և ոչ գիտական, ոչ գիտականների նկատմամաբ կարելի է անլուրջ վերաբերմունք ցույց տալ, իսկ գիտականների նկատմամբ՝ ոչ»:










