Գյումրիում ոստիկաններ են դանակահարվել. նրանք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

16:12 • 14.04.20

Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում դանակահարել են Ոստիկանության երկու ծառայողի: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրու Հայուհու հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները կանգնեցրել են երթևեկության կանոնների խախտում թույլ տված տրանպորտային միջոց, որի վարորդը և ուղևորը վիճել են ոստիկանության ծառայողների հետ, այդ ընթացքում ուղևորը դանակով հարվածներ է հասցրել ոստիկանության երկու ծառայողի, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,-մանրամասնեց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ դեպքի վայր ժամանած Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը տրանսպորտային միջոցի վարորդին և ուղևորին բերման է ենթարկել ոստիկանության բաժին:

Ոստիկանների առողջական վիճակի մասին այս պահին մանրամասներ չկան: