Թուրինում ուշագրավ կերպով դիմավորել են Կուբայից ժամանած բուժաշխատողների խմբին

21:15 • 14.04.20

Իտալիայի Թուրին քաղաքում դիմավորել են Կուբայից ժամանած բուժաշխատողների երկրորդ խմբին: Ինչպես փոխանցում է CNN-ը, կուբացի բժիշկները օգնության են ժամանել Իտալիայի իշխանությունների և առողջապահության նախարարության խնդրանքով:

Բուժանձնակազմը Կուբայից Իտալիա է ուղևորվել նախօրեին և Պիեմոնտ մարզի Թուրին քաղաք է ժամանել այսօր առավոտյան: Պիեմոնտի մարզպետ Ալբերտո Չիրիոն իր երախտագիտությունն է հայտնել կուբացի բժիշկների թիմին և սոցցանցում հրապարակել օդանավակայանում արված լուսանկարը՝ ներակայացնելով, թե ինչպես են նրանց դիմավորել Իտալիայում:

«Մեր բժիշկներին օգնելու համար այսօր Կուբայից ժամանել է արտակարգ իրավիճակում աշխատելու հարցում մասնագիտացված բժիշկների խումբը: Նրանք Պիեմոնտում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Մեր սրտագին շնորհակալությունն ենք հայտնում Կուբային բարեկամության համար»,- լուսանկարին կից գրել է իտալացի գործիչը:

Օդանավակայանում բժիշկներին ողջունելու համար հատուկ պաստառ է պատրաստվել՝ «Բարի գալուստ Թուրին, շնորհակալություն Կուբա» գրությամբ:

Կուբացի բուժաշխատողների առաջին խումբն Իտալիա էր ժամանել մարտի 22-ին: