Կորոնավիրուսից մահացել է «Թուրքիայի անկախ կուսակցության» ղեկավար Հայդար Բաշը

13:36 • 14.04.20

Թուրքիայում ապրիլի 14-ին կորոնավիրուսից մահացել է աջ պահպանողական «Թուրքիայի անկախ կուսակցության» ղեկավար Հայդար Բաշը: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:

Նշվում է, որ քաղաքական գործիչն ու նրա ընտանիքի 8 անդամները կորոնավիրուսով էին վարակվել մեկ շաբաթ առաջ:

Տրապիզոնի Աքչաաբաթ շրջանի հիվանդանոցում 4 օր անցկացնելուց հետո Բաշին ապրիլի 13-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Հայդար Բաշը ծնվել է 1947 թվականին Տրապիզոնի Աքչաաբաթ շրջանում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Տրապիզոնում, ապա ընդունվել է Կայսերիի Էրջիյես համալսարանի Բարձրագույն իսլամի ինստիտուտը:

Ասպիրանտուրան և դոկտորատուրան նա ավարտել է Բաքվի պետական համալսարանում: Ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատանքի է անցել նույն համալսարանում: Դոկտորական աստիճան ստանալուց հետո գրել է նոր ատենախոսություններ «Իսլամ և Հազրաթ Մեվլան», «Սուֆիզմի պատմություն», «Կրոնի հոգեբանություն» և «Կրոնի սոցիոլոգիա» թեմաներով, ինչի շնորհիվ էլ ստացել է պրոֆեսորի կոչում:

Թուրքիա վերադառնալուց հետո զբաղվել է քաղաքական գործունեությամբ, նրա գլխավորած կուսակցությունը երբեք ներկայացված չի եղել երկրի խորհրդարանում: