Հնդկաստանում համազգային մեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 3-ը

20:51 • 14.04.20

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մինչև մայիսի 3-ը երկարաձգել է երկրով մեկ սահմանված մեկուսացման ռեժիմը՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, վարչապետը նշել է, որ որոշ նահանգներ, որոնց հաջողվել է խուսափել կորոնավիրուսի համաճարակի բռնկումից, կկարողանան վերականգնել «կարևոր նշանակության ոլորտների գործունեությունը»: Այս մասին Մոդին հայտարարել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով տեղի հեռուստատեսությամբ:

«Խնդրում եմ իմ բոլոր հայրենակիցներին՝ ամեն գնով թույլ չտալ, որ կորոնավիրուսը տարածվի նոր շրջաններում: Մենք պետք է ուշադիր լինենք թեժ կետերի նկատմամբ, ինչպես նաև այն շրջանների, որոնք կարող են վերածվել թեժ կետերի»,- ասել է Մոդին:

Ավելի քան 1.3 մլրդ բնակչություն ունեցող երկրում մեկուսացում էր հայտարարվել մարտի 24-ից մինչև ապրիլի 13-ը: Վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 10 541 մարդ, մահացել՝ 358-ը: