Իտալիայում կարանտինային ռեժիմը խախտելու համար պատգամավորին տուգանել են մոտ 250 եվրոյով. Լa Repubblica
Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Սառա Կունիալին տուգանել են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում հաստատված կարանտինային ռեժիմը խախտելու և ծովափ մեկնելու համար, հայտնում է la Repubblica ամսագիրը։
Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Զատկին հաջորդած երկուշաբթի։ Պատգամավորը դեպի ծովափնյա հանգստյան գոտի իր ուղևորությունը որպես «գործնական անհրաժեշտություն» է ներկայացրել և դեպի ծովափ ճանապարհին իրեն կանգնեցրած ոստիկանին պատգամավոր լինելու մասին փաստաթուղթ ներկայացրել։
Ոստիկանության աշխատակիցը կասկածի տակ է դրել պաշտոնյայի պարզաբանումները հիմնականում այն պատճառով, որ վերջինս ընտրվել է որպես երկրի հյուսիսային հատվածում գտնվող Վենետոյի տարածաշրջաններից մեկը ներկայացնող պատգամավոր, իսկ Հռոմի տարածք նա համընդհանուր արձակուրդային օրն է եկել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կունիալը սկզբում ոստիկանությանը հայտնել է, որ ծովափ է մեկնում, սակայն հետո արագ շտկել է սխալը և որպես փաստարկ իր պատգամավորական գործունեությունն առաջ քաշել։
Արդյունքում ոստիկանության աշխատակիցը Կունիալին տուգանել է 248 եվրոյի չափով, սակայն նշվում է, որ վերջինիս առավել խիստ պատիժ է սպառնում, քանի որ ոստիկանության աշխատակցի հետ խոսակցությունից հետո էլ նա շարունակել է ճանապարհը դեպի ծովափ։
Ավելի ուշ Կունիալը հերքել է տուգանվելու մասին լուրերը և Հռոմում հայտնվելը բացատրել է 2017 և 2018 թվականներին Իտալիայի հյուսիսում գրիպի դեմ պատվաստման արշավի և այդ տարածքներում կորոնավիրուսի տարածման միջև կապի բացահայտման անհրաժեշտությամբ։










