Իտալիայում կնոջը տուգանել են կարանտինային ռեժիմը խախտելու և կրիային զբոսանքի հանելու համար. «ՌԻԱ Նովոստի»

17:13 • 14.04.20

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով հաստատված կարանտինային ռեժիմը խախտելու և կրիային զբոսանքի տանելու համար ոստիկանությունը Հռոմի 60-ամյա բնակչուհու է տուգանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։

Կայքի տեղեկություններով՝ կինը կրիայի հետ քայլելիս է եղել, երբ ոստիկանները, նկատելով նրանց, մոտեցել և կարանտինային ռեժիմի խախտման համար բացատրություն են պահանջել։ Լսելով պարզաբանումները՝ իրավապահները կրիային զբոսանքի հանելը կենսական անհրաժեշտության գործողություն չեն համարել և կնոջը տուգանել են, այնուհետև՝ տուն ուղարկել։

Կայքը նշում է, որ սա նման է վերջերս տեղի ունեցած ևս մի դեպքի, երբ բնակիչը հայտարարել էր, թե նապաստակի համար գազար գնելու համար է տնից դուրս եկել։ 

Իտալիայի ամբողջ տարածքում կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվել մարտի 10-ից սկսած, երկրում սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը․ անձը միայն կենսական անհրաժեշտության դեպքում իրավունք ունի լքել բնակարանը։

Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 159 516 դեպք, մահացել է 20 465 մարդ։ Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով Եվրոպայում առաջատարն է մնում։

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 120 436-ի, գրանցվել է վարակման 1 934 070 դեպք, ապաքինվել է 456 563 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։