Երեկվա իմ ելույթից հետո շատ պատգամավորներ, կառավարության անդամներ բուռն ստատուսագրություն արեցին, բայց բացի բողոքող քաղաքացիներին վիրավորելուց, այլ բան չկար այնտեղ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

17:28 • 14.04.20

Երեկ մենք անդրադարձանք բազմաթիվ խնդիրների, քանի որ մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում: Այսօր ևս մի քանի խնդրի կանդրադառնամ, որից մեկը, կարծում եմ, հրատապ է, չնայած՝ բնակիչները դիմել են Ոստիկանության թեժ գիծ: Այս մաիսն ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրեն դիմել են «Կանազի» զինվորական հոսպիտալի հարևանությամբ գտնվող 9 հարկանի շենքի բնակիչները և ասել, քանի որ այդ հոսպիտալում են տեղակայվել կորոնավիրուսով հիվանդներ, ապա իրենց շենքի հարևանությամբ տեղակայված մեծ աղբարկղում օրը երկու անգամ այրվում է բժիշկների ամբողջ արտահագուստը: Բնակիչները դժհգոհել են, որ չեն կարողանում պատուհանները բացել: Զոհրաբյանը նշեց, որ արդեն իմացել է՝ Ոստիկանությունը զբաղվում է խնդրով: «Հույս ունենանք՝ այս խնիդրը կկարգավորվի և այդ արտահագուստն այրելու համար այլ վայր կգտնվի»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ իրեն դիմել են նաև բազմաթիվ տնտեսվարողներ՝ կապված Կառավրության 5-րդ միջոցառման հետ, որով նախատեսվում է աջակցություն այն տնտեսվարողներին, որոնց աշխատանքային ֆոնդը մարտ ամսվա համար պակաս չէ հունվար կամ փետրվար ամսվա աշխատանքի ֆոնդից:

«Դա երևում է եկամտահարկի հաշվետվությամբ. մարդիկ հունվար ամսվա սկզբին տոն օրերին աշխատել են, հետևաբար ըստ օրենքի ստացել են կրկնակի վարձատրություն, արտաժամ, պարգևվճարներ և ավել հարկ են վճարել, մարտ ամսին չունեն պարգևավճար, արտաժամ, կամ տոն օր և աշխատել են, հետևաբար իրենց աշխատավարձի ֆոնդը մարտ ամսին ավելի քիչ է, քան հունվար ամսին, ուստի տնտեսվարողներն ասում են՝ արդյունքում իրենք զրկվում են տնտեսական աջակցության 5-րդ միջոցառումից և խննրում են վերանայել»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ երեկ իր կողմից բարձրացրած խնդիրների վերաբերյալ պատգամվորների և կառավարության այլ ներկայացուցիչների արձագանքին:
«Ես չգիտեմ, թե մեր Կառավարության որոշ ներկայացուցիչներ և պատգամավորներ ինչի այդպես անակնկալ զարմացան: Այո, մեզ, անձամբ ինձ էլ ամեն օր դիմում են հարյուրավոր քաղաքացիներ: Հասկանում եմ, որ զարմացողների մոտ ստատուս գրելու բուռն ցանկություն առաջացավ, ինքս շատ գնահատում եմ հումորը: Փորձեցի այդ ստատուսների մեջ տեսնել հումոր, ինտելեկտ, օբյեկտիվ քննադատություն, որովհետև ես միշտ հետևություն անում եմ օբյեկտիվ քննադատությունից, բայց բացի վիրավորանքից այդ հարյուրավոր և հազարավոր քաղաքաիցների հասցեին, որոնք ունեն խնդիր, չտեսա»,- ասաց նա:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթից հետո ծաղրական գրառումներ էին կատարել ԿԳՄՍ նախարարը, Գեղարքունիքի մարզպետը և մի շարք պատգամավորներ: