Իսպանիայի նախկին վարչապետը պարբերաբար խախտում է կարանտինը սպորտով զբաղվելու համար. իսպանական հեռուստաալիքը կադրեր է հրապարակել (տեսանյութ)
Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Մարիանո Ռախոյը պարբերաբար խախտում է կարանտինը և սպորտով զբաղվում փողոցում: Այս մասին տեղեկացնում է La Sexta հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռախոյը մարզական քայլքով է զբաղվում: Իսպանիայում մարտի 14-ից խիստ սահմանափակումներ են գործում, փողոց դուրս գալ թույլատրվում է միայն խանութ կամ դեղատուն գնալու, աշխատավայր հասնելու և մարդկանց խնամելու համար: Փողոցում սպորտով զբաղվելը խստիվ արգելված է:
Կարանտինի խախտումը կարող է բերել 100-600 եվրո տուգանքի, իսկ իրավապահներին չենթարկվելը` 3 ամսից մինչև 1 տարվա ազատազրկման:
Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Ռախոյի վարքը դժգոհություն է առաջացրել հարևանների շրջանում:
Երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնյաները հեռուստաալիքին տեղեկացրել են, որ տեսանյութի հրապարակման հիմքով հետաքննություն կանցկացնեն:
Իսպանիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 172 541 դեպք, մահացել է 18 056 մարդ, առողջացել` 67 504-ը:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 120 436-ի, գրանցվել է վարակման 1 934 070 դեպք, ապաքինվել է 456 563 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։
Տեսանյութը՝ այստեղ:










