ԱՄՆ-ն 3,7 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացրել Ուհանի այն լաբորատորիային, որտեղից հնարավոր է տարածված լինի կորոնավիրուսը. Daily Mail (լուսանկարներ)
Չինական լաբորատորիան, որը համարվում է կորոնավիրուսի ենթադրյալ արտահոսքի կենտրոններից մեկը, օգտագործում է ԱՄՆ կառավարական գումարները` քարանձավներից բերված չղջիկների վրա փորձեր անելու համար: Ըստ որոշ գիտնականների՝ հենց չղջիկներն են կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուրը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Ուհանի վարակաբանական ինստիտուտը փորձեր է կատարել ավելի քան 1500 կմ հեռավորության վրա գտնվող Յունանից բերված չղջիկների վրա, ինչը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի հատկացրած 3,7 միլիոն դոլար դրամաշնորհով:

COVID-19-ի գենոմի հաջորդականացումը ցույց տվեց, որ այն կապված է Յունանի քարանձավներում հայտնաբերված չղջիկների հետ, և այն փաստի բացահայտումը, որ լաբորատորիան փորձեր է կատարել չղջիկների վրա, որոնք բերվել են Յունանից, ավելի է ամրապնդել այն վարկածը, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբնաղբյուրը կարող է լինել հենց լաբորատորիան, այլ ոչ թե Ուհանի վայրի կենդանիների շուկան:

«Ինձ համար տհաճ է իմանալը, որ երկար տարիներ ԱՄՆ-ն ֆինանսավորել է Չինաստանում վտանգավոր կենդանիների վրա կատարվող փորձերը, որոնք կարող էին կորոնավիրուսի տարածման պատճառ հանդիսանալ: Այդ փորձերն ընդհանրապես չեն վերահսկվում ԱՄՆ-ի կողմից»,-ասել է ամերիկացի կոնգրեսական Մեթ Գեցը:
Ապրիլի 11-ին ամերիկյան White Coat Waste խմբի ղեկավար Էնթոնի Բելոտտին քննադատել է երկրի իշխանություններին Չինաստանում արված ներդրումների համար:

«Վիրուսներով կամ այլ հիվանդություններով վարակված կենդանիները, որոնց վրա փորձեր են արվում չինական լաբորատորիաներում, ըստ որոշ տեղեկությունների, կարող են վաճառվել վայրի կենդանիների շուկաներում օգտագործման համար»,-ասել է Բելոտտին:
Ըստ պարբերականի ստացած տեղեկությունների՝ գիտնականները լաբորատորիայում կենդանիների վրա փորձերը կատարում են ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսավորման ծրագրի շրջանակում:
Ինստիտուտն ԱՄՆ կառավարության հիմնական կառույցն է, որը պատասխանատու է կենսաբժշկության և հանրային առողջության ոլորտում կատարվող ուսումնասիրությունների համար:
Ուհանյան ինստիտուտն իր կայքում ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտը ներառել է գործընկերների ցանկում:










