ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Դոհայում քննարկել են խաղաղության համաձայնագրի իրականացումը
ԱՄՆ-ի և Աֆղանստանի «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները հանդիպել են Կատարի մայրաքաղաք Դոհայում և քննարկել խաղաղության համաձայնագրի իրականացումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կատարում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինին:
Շահինի խոսքով՝ հանդիպմանը շարժման կողմից մասնակցել են քաղաքական գրասենյակի ներկայացուցիչն ու շարժման գլխավոր բանակցող մուլլա Բարադար Ախունդը, ԱՄՆ-ի կողմից` Աֆղանստանի հարցերով հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը, ինչպես նաև Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Սքոթ Միլլերը,Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին:
«Նրանք խոսել են համաձայնագրի լիարժեք իրականացման, ինչպես նաև կալանավորների ազատման ձգձգումների մասին: Բացի այդ, կողմերը քննարկել են նաև համաձայնագրի խախտումները, այլ խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները»,-գրել է Շահինը թվիթերի իր էջում:
Փետրվարի վերջում Կատարում կայացած միջոցառման ժամանակ ԱՄՆ-ն ու «Թալիբանը» առաջին անգամ խաղաղության համաձայնագիր են կնքել ավելի քան 18 տարի շարունակվող պատերազմից հետո: Համաձայնագիրը ենթադրում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից արտասահմանյան զորքերի դուրսբերում, իսկ մարտ ամսին` ձերբակալվածների ազատ արձակումից հետո, պետք է սկսվեր միջաֆղանական երկխոսությունը:
Ապրիլի 13-ին Աֆղանստանի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջավիդ Ֆեյսալը տեղեկացրել էր, որ իշխանությունները բանտերից ազատել են 361 թալիբի: Նա ավելացրել է, որ ազատումները կշարունակվեն ըստ հրամանի, մինչև ազատ արձակվեն շարժման ձերբակալված բոլոր` շուրջ 1500 անդամները:
Ավելի վաղ տեղեկացվել էր 300 թալիբի ազատման մասին, շարժումը իր հերթին բաց է թողել 20 պատանդների Աֆղանստանի հարավային Կանդագար նահանգում և նրանց հանձնել է Կարմիր խաչի կոմիտեին:










