ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս տուբերկուլոզի դեմ ԲՑԺ պատվաստանյութ կիրառել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով. ТАСС

04:43 • 14.04.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջնական տվյալներ չունի այն մասին, թե  ԲՑԺ հակատուբերկուլոզային պատվաստանյութը կարող է նվազեցնել նոր տեսակի կորոնավիրուսով վարակման վտանգը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկուշաբթի կազմակերպության հրապարակած հայտարարությանը:

Նշվում է, որ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս Covid-19-ով վարակումը կանխելու համար այս պատվաստանյութն ընդունել:

«Այս հարցին վերաբերող արդեն 2 կլինիկական փորձարկում է արվում, և ԱՀԿ-ն կգնահատի արդյունքները, երբ դրանք պատրաստ լինեն: Ապացույցների բացակայության պարագայում ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ԲՑԺ պատվաստանյութի կիրառումը՝ Covid-19-ը կանխելու համար»,- նշվում է հայտարարությունում:

Նշենք, որ նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է աշխարհի մեծ թվով երկրներում: Մարտի 11-ին ԱՀԿ-ն այն համավարակ է ճանաչել: