Թրամփը չի բացառել, որ մինչև մայիսի 1-ը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կարող են չեղարկվել 20 նահանգում․ «ՌԻԱ Նովոստի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումները մինչև մայիսի 1-ը կչեղարկվեն 20 նահանգում, գրում է ria.ru-ն։
«Այդ օրը կարող է շատ շուտով գալ, գուցե ավելի շուտ, քան մայիսի 1-ը։ Դա կլինի որոշ նահանգների՝ ավելի քան 20 նահանգի համար, որտեղ բարենպաստ պայմանների կլինեն։ Մենք կարծում ենք, որ շուտով նրանց թույլ կտանք վերացնել սահմանափակումները, նրանց կհետևեն մյուսները», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։
Նա նշել է, որ տարբեր նահանգներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տարբեր է։
Թրամփը նաև հայտնել է, որ շուտով կզրուցի 50 նահանգապետերից յուրաքանչյուրի հետ: Նա ընդգծել է, որ միայն նրանց հետ զրույցից հետո կչեղարկի սահմանափակումները։
Կարանտինային միջոցների սահմանման և չեղարկման հարցում նախագահի և նահանգապետերի լիազորությունների հարցը վերջին օրերին ԱՄՆ-ի ներքաղաքական բանավեճում ամենասուրն է։ Թրամփը պնդում է, որ այդ ոլորտում բավարար լիազորություններ ունի։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 614 246 դեպք, որից 26 064-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 2 000 066 դեպք, 126 738-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 478 934 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










