Թաիլանդում դատաբժշկական փորձագետ է մահացել, որը, գիտնականների ենթադրության համաձայն, կարող է կորոնավիրուսով վարակված լինել դիահերձման ժամանակ․ Daily Mail

10:34 • 15.04.20

Թաիլանդում դատաբժշկական փորձագետ է մահացել, որը, գիտնականների ենթադրության համաձայն, կարող է կորոնավիրուսով վարակված լինել դիահերձման ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։

Journal of Forensic and Legal Medicine-ում (Դատական և իրավաբանական բժշկության ամսագիր) հրապարակված հոդվածում հեղինակները հայտնում են, որ երկրում մարտի վերջի դրությամբ կորոնավիրուսով վարակված է եղել երկու բուժաշխատող՝ դատաբժշկական փորձագետը և նրա բուժքույրը, որոնք չեն շփվել վարակակիրների հետ, ուստի, ենթադրվում է, որ բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց դիերից։

«Որքանով մեզ հայտնի է, սա դատաբժշկության բաժանմունքում բուժանձնակազմի շրջանում Covid-2019-ով վարակման և մահվան առաջին դեպքն է»,- ասված է հոդվածում:

Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ դիահերձման գործընթացը կարող է վտանգ ներկայացնել աշխատակիցների համար, ինչի կապակցությամբ հեղինակները խորհուրդ են տալիս օգտագործել պաշտպանության նույն միջոցները, ինչ հիվանդների հետ շփման դեպքում են բժիշկներն օգտագործում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես զգուշացրել է կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց դիերի հետ աշխատելիս չափազանց զգույշ լինել, քանի որ կորոնավիրուսի փոխանցումը դեռևս լիովին չի ուսումնասիրվել:

Վերջին տվյալներով՝ Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի 2613 դեպք, որոնցից 41-ը՝ մահվան ելքով։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 000 065 է, կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 126 754 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին պահել դեկտեմբերի 31-ին: