«Մենք հակված ենք այն վարկածին, որ կորոնավիրուսի ծագումը տեղի է ունեցել բնական ճանապարհով»․ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա

11:11 • 15.04.20

Պենտագոնում հակված են կորոնավիրուսի բնական ծագման վարկածին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, գրում է The Guardian-ը։

«Ես ուղղակի այս փուլում կասեի, որ այդ եզրակացությունները վերջնական չեն։ Թեև վկայությունների ծանրակշիռ մեծամասնությունը վկայում է, որ վիրուսի ծագումը տեղի է ունեցել բնական ճանապարհով։ Այնուամենայնիվ, մենք հաստատ չգիտենք», - նշել է գեներալը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մեծ հետաքրքրություն է դրսևորում կորոնավիրուսի ծագումը բացահայտելու հարցում, ինչը բնական է։

«Ինչ վերաբերում է լաբորատորիայի մասին հարցին, կան բազմաթիվ ասեկոսեներ և շահարկումներ տարբեր ԶԼՄ-ներում, բլոգներում և այլն։ Ձեզ չպետք է զարմացնի, որ մենք դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք ցուցաբերել», - հավելել է Միլին։

Ավելի վաղ հետազոտողների միջազգային խումբը եկել էր այն եզրակացությանը, որ կորոնավիրուսը բնական էվոլյուցիայի արդյունք է, այլ ոչ թե լաբորատորիայում ստեղծված պաթոգեն:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 000 065 է, կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 126 754 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին պահել դեկտեմբերի 31-ին: