Փոլ Մաքքարթնին չղջիկներ ուտելու սովորույթն անվանել է «միջնադարյան»՝ Չինաստանին մեղադրելով կորոնավիրուսի տարածման համար․ The Guardian
Բրիտանական լեգենդար Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին Չինաստանում չղջիկներ ուտելու սովորույթն անվանել է «միջնադարյան»՝ Չինաստանին մեղադրելով կորոնավիրուսի տարածման համար, գրում է The Guardian-ը։
«Ես հույս ունեմ, որ այս ամենից հետ Չինաստանի կառավարությունը կասի․«Մենք պետք է ավելի հիգիենիկ լինենք։ Եկեք ընդունենք ճշմարտությունը՝ չղջիկներ ուտելը միջնադարին է բնորոշ»»- ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնի հետ զրույցում ասել է 77-ամյա Մաքքարթնին։
Հաղորդավարի այն դիտարկմանը, որ «թաց շուկաները» Չինաստանում, այնուամենայնիվ, չեն արգելվել, Մաքքարթնին ասել է, որ այդ փաստն այնքան ցավալի չէր լինի, եթե միայն կորոնավիրուսը տարածված լիներ «թաց շուկաներից»: Երաժիշտը նաև օրինակ է բերել սուր շնչառական համախտանիշը (ՍԱՐՍ), թռչնագրիպը և տարածված մյուս վարակները։
Ասիայում, այսպես կոչված «թաց շուկաներում» վաճառում են թարմ միս ու սննդամթերք, իսկ երբեմն՝ ողջ կենդանիներ։ Տարածված, թեև դեռևս չհաստատված, տեսության համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի ծովամթերքի «Հուանան» շուկայից՝ չղջիկի կամ թեփամողեսի միջոցով։
«Նույնն է, թե ատոմային ռումբեր արձակեն։ Այն նույնչափ ազդում է ամբողջ աշխարհի վրա»,- հավելել է երաժիշտը։
«Ես հասկանում եմ, որ մեծամասնությունը կասի, որ «մարդիկ միշտ այդպես են ապրել», բայց մարդիկ ստրկության պայմաններում նույնպես ապրել են։ Ինչ-որ պահի պետք է փոփոխություններ անել»,- հավելել է Մաքքարթնին։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 000 065 է, կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 126 754 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին պահել դեկտեմբերի 31-ին:










