Համաշխարհային կին առաջնորդներն ավելի արդյունավետ պայքար են մղում կորոնավիրուսի համավարակի դեմ. CNN (լուսանկարներ)
Համաշխարհային կին առաջնորդներն անհամեմատ ավելի արդյունավետ պայքար են մղում կորոնավիրուսի համավարակի դեմ, գրում է CNN-ը՝ բերելով Գերմանիայի, Նոր Զելանդիայի, Թայվանի և այլ կին ղեկավարներ ունեցող երկրների օրինակները։
Թայվանում կորոնավիրուսի համավարակի դեմ վաղ ձեռնարկված միջոցառումներն այնքան հաջող են, որ ներկայում պետությունը միլիոնավոր դիմակներ է արտահանում՝ օգնելու Եվրամիությանը և այլ երկրներին:

Գերմանիան իրականացնում է Եվրոպայում ամենազանգվածային թեստավորումները՝ շաբաթական գրեթե 350 000 թեստ։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերին զուգընթաց շտապ միջոցներ ձեռնարկեց՝ մեկամսյա շրջափակում սահմանելով, ինչի շնորհիվ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 9 է։

«Եվրոպայի սրտում, Ասիայում և Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող այս երկրներն ունեն մեկ ընդհանուր բան. նրանց ղեկավարները կանայք են»,- գրում է աղբյուրը։
Գլոբալ համաճարակի դեմ պայքարում այս և այլ կանանց գլխավորած կառավարությունների հաջողությունն ավելի մեծ ուշադրության է արժանի՝ հաշվի առնելով, որ կանայք համաշխարհային առաջնորդների 7 տոկոսից ցածր տոկոս են կազմում։
Այս ղեկավարները, որոնք իրենց կառավարությունների նկատմամբ հանրային վստահություն ունեն, համավարակը զսպել են վաղ փուլում։ Նրանք իրականացրել են լայն թեստավորումներ, ապահովել են որակյալ բուժման հասանելիություն, ագրեսիվորեն հետևել են կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակներին և այլն։
Աղբյուրը գրում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը վկայակոչում է կորոնավիրուսի դեմ պայքարում Թայվանի հաջողությունը՝ կոչ անելով Թայվանին տրամադրել ԱՀԿ-ի Առողջապահության համաշխարհային վեհաժողովում դիտորդի կարգավիճակ: Թայվանում առ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 395 դեպք, որոնցից 6-ը՝ մահվան ելքով։
Ըստ հաղորդման՝ քվանտային քիմիայի բնագավառում դոկտորական աստիճան ուենցող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար մղելու արդյունքում վերջին ամիսների զգալիորեն բարձրացել է։ Թեև երկրում գրանցվել է 132 210 դեպք, մահացություների թիվն անհամեմատ քիչ է՝ ավելի քան 3 495 մարդ։

Աղբյուրը գրում է, որ պատկերը նույնն է նաև հյուսիսեվրոպական երկրներում։ Օրինակ՝ Ֆինլանդիայի վարչապետը՝ 34-ամյա Սաննա Մարինը, աշխարհում ամենաերիտասարդ առաջնորդն է, բայց վայելում է ֆինների 85%-ի աջակցությունը։

«Վաղուց ժամանակն է, որ մենք ընդունենք, որ աշխարհը կարիք ունի ավելի մեծ թվով կին առաջնորդների, և ապահովենք քաղաքական կյանքի բոլոր մակարդակներում կանանց հավասար ներկայացվածությունը։ Գենդերային հավասարությունը վճռորոշ նշանակություն ունի գլոբալ առողջապահության և միջազգային անվտանգության համար»,- գրում է աղբյուրը։










