Այսօր ռազմաարդյունաբերական ոլորտից դիմել են, որ դեռ պարապուրդի մեջ են. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

18:43 • 15.04.20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  հիշեցրեց,  որ դեռ մարտի 3-ին խոսել էր այն մասին, թե ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ արդեն տևական ժամանակ է պատվերներ չեն ստանում ՀՀ պաշտպանության նախարարությունից և պարապուրդի են մատնված:

Գորգիսյանը նշեց, որ ոլորտի գոծունեությունն արտակարգ դրության պայմաններում սահմանափակված չէ, սակայն պատկերը նույնն է և փաստացի՝ ոլորտի աշխատողները չեն կարող օգտվել աջակցության ծրագրերից:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն արձագանքեց, թե պատվերները ստացված են, վճարումները կատարված են: «Սա նոր խնդիր չէ, բավական երկար տարիներ եղել է այս պատկերը, որ պայմանագրերն ուշ են կնքվել, այդ պատճառով տարվա սկզբում պարապուրդի խնդիր է առաջացել»:

«Այս պահին մենք Պաշտպանության նախարարության հետ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորություն ունենանք, մինչև տարվա վերջ կոնկրետ լուծումներ կառաջարկեն, որպեսզի պարապուրդի խնդիրներ չլինեն»,- ասաց նախարարը:

Պատգամավորն արձագանքեց՝ այսօր ռազմաարդյունաբերական ոլորտից դիմել են, որ դեռ պարապուրդի մեջ են: «Վերջում Ձեզ առանձին տվյալները կփոխանցեմ՝ պարզեք ինչ խնդիր է, որ քաղաքացիները շարունակում են բողոքել»։