«Հավանա»-ի՝ օրավարձով աշխատակիցները հարկադիր պարապուրդում են, չեն վարձատրվում. ռեստորանի սեփականատերը նշում է՝ նրանց չէր կարող գրանցել, ռեստորանն էլ այժմ եկամուտ չունի

14:52 • 15.04.20

Tert.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին, որը մինչև ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումը օրավարձով է աշխատել, դժգոհություն է հայտնում, որ չգրանցված աշխատող լինելու պատճառով չի կարողանում դիմել Կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկին:

«Հավանա» ռեստորանային համալիրի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, դիմել է Tert.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ ինքը ռեստորանային համալիրում աշխատում է օրավարձով՝ քաղիրավական պայմանագրով, և քանի որ այն կայուն գրանցված աշխատանք չի համարվում, ինքը չի կարողանում դիմել Կառավարության աջակցության ծրագրերին:

««Հավանա»-ում աշխատում է 160 հոգի, որոնցից գրանցված են միայն 40-ը: Մյուս 120 աշխատակիցներն աշխատում են նույն գրաֆիկով, ինչպես գրանցված 40 աշխատակիցները: Աշխատում են առավոտյան 10:00-ից մինչև գիշերը ժամը 01:00-ն: Արդյունքում չգրանցված աշխատակիցներիցս ոչ մեկը չի կարողանում օգտվել աջակցության որևէ ծրագրից, աշխատանքների դադարեցման պատճառով էլ աշխատավարձ չենք ստանում»,-ներկայացրել է քաղաքացին:

«Հավանա» ռեստորանային համալիրի սեփականատեր Աշոտ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, թե ռեստորանն ունի մոտավորապես 40 գրանցված աշխատակից, բայց նրանցից բացի կան նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներ:

«Մենք գրանցում ենք այն աշխատակյիցներին, որոնք ամեն օր գալիս են աշխատանքի: 160 աշխատակից չունենք: Տոնական օրերին աշխատակիցների թիվն ավելանում է: Կան օրեր, երբ ծանրաբեռնվածությունը քիչ է: Կան, օրինակ, երգիչներ, մատուցողներ, պարողներ, որոնք աշխատանքի են գալիս անհրաժեշտության դեպքում, ամեն օր չեն աշխատում: Իրենց թիվը մոտ 50-60 հոգի է»,-ասաց ռեստորանի սեփականատերը:

Նա նշեց՝ քանի որ այժմ ռեստորանն այցելուներ չունի, եկամուտ չկա, աշխատակիցները չեն վարձատրվում: «Այս ընթացքում աշխատողները տանն են, հարկադիր պարապուրդում: Ինչպե՞ս վճարենք, եթե եկամուտ չունենք, և իրենք էլ չեն աշխատում»,-ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ այս ընթացքում աշխատաքից ազատված աշխատակիցներ եղե՞լ են, Բաղդասարյանը պատասխանեց, որ չեն եղել:

Ռեստորանի կրած վնասների մասին այս պահին հաշվարկներ չկան: