Հայ առաքելական եկեղեցու նման հենասյունային ինստիտուտի նկատմամբ ոտնձգություններն անընդունելի են. Վ. Մարտիրոսյանը՝ կաթողիկոսի՝ Ռ. Քոչարյանի մասին արված հայտարարությանը հաջորդած մեկնաբանությունների մասին

13:35 • 15.04.20

Հայ առաքելական եկեղեցին այն ինստիտուտն է, որը պետքէ լինի կայուն, ամուր և անսասան: Այսպիսի հենասյունային ինստիտուտների նկատմամբ ոտնձգություններն անընդունելի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությանը, թե կարևոր է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, և դրան հաջորդած մեկնաբանություններին:

Վլադիմիր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական մշակույթի ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքականացվում է ամեն բան, հակադարձ մեկնաբանություններում, կարծիքներում մի շարք երևույթներ հաշվի չեն առնվում:

«Վեհափառ տիրոջ անունից եղել է քրիստոնեական կոչ, հոդոր, որին կարող են կա՛մ ականջալուր լինել, լա՛մ չլինել, կա՛մ, նույնիսկ, որոշակի քաղաքական վերապահումներ ունենալ քաղաքական հարթության մեջ, բայց այն անտոգոնիզմը, որ կա այս կոչի նկատմամբ, հատկապես եթե շեշտադրենք այն հանգամանքը, որ քաղաքական կոռեկտության շրջանակները չեն պահպանվել, լուրջ մտահոգության առիթ է: Կարծում եմ՝ հասարակությունը շատ օպերատիվ արձագանքեց ու իր դիրքորոշումը հայտնեց այս երևույթի վերաբերյալ, ինչից յուրաքանչյուր խելամիտ իշխանություն իր վարքաբանության առումով պետք է հետևություններ անի»,-ասաց Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց՝ կաթողիկոսի խոսքում նորություն չկար այն առումով, որ գթասրտության և քրիստոնեական արժեքների տարածման, քարոզի հիմնական գաղափարը մարդասիրական մղումներն են, ինչը տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում և հատկապես տարբեր քրիստոնեական հովվապետերի և նրանց խոսքը հասցնելու ձևի առումով:

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ սա ևս մեկ առիթ էր, որ ուշադրությունը որոշակիորեն շեղվի կորոնավիրուսային հիվանդութունից, ստեղծվեն որոշ դիսկուրսներ, որոնք կմնան իշխանության շահերի ծիրում, և ինչ-որ չափով նաև հասարակական տրամադրվածությունները կշոշափվեն:

«Մենք պետք է ֆիքսենք մեկ բան՝ մեր պետության, քաղաքական գոյաբանության, երկրի գաղափարական առումով չունենք այնպիսի հենասյունային ինստիտուտներ, ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցին: Այս առումով քաղաքականացնել և քարեր նետել այս ուղղությամբ, ինձ համար, իմ գաղափարակից ընկերների համար, մեր քաղաքական գաղափարախոսական տրամաբանության համար ուղղակի անընդունելի է»,-հավելեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիրը:

Անդրադառնալով Քոչարյանի գործին՝ քաղաքագետը նշեց, թե ՀՀ երկրորդ նախագահի գործով ունենք մի պրոցես, որը գնալով ավելի ու ավելի շատ հարցեր է հարուցում արդարադատության իրականացման որակի առումով: «Վերջիվերջո մենք գործ ունենք արդարադատությա՞ն հետ, թե՞ քաղաքական որոշակի շահարկումների: Այլևս հստակ է այն հանգամանքը, որ այս գործում կան քաղաքական լուրջ շահեր, գործի ձգձգման մեջ կան քաղաքական շահեր, ինչը մեզ ավելի և ավելի հեռու է տանում արդարադատության իրականացումից: Այդ հարցերը վաղ թե ուշ պետք է գտնեն պատասխաններ»,-ասաց Մարտիրոսյանը: