Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում ոստիկանություն է դիմել 24 հոգի․ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել

10:37 • 15.04.20

Արցախի Հանրապետությունում երեկ՝ ապրիլի 14-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, ժամը 08:00-20:00-ն ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։

«Ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 24 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել է պատասխաններ:

Նշված քաղաքացիներից 11-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 12-ին տրվել է համապատասխան տեղեկանք՝ դատարան դիմելու համար, իսկ 1-ը դիմել է հաշվառման հետ կապված խնդրով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: