Թրամփը երես է թեքել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, որպեսզի թաքցնի սեփական անհաջողությունները կորոնավիրուսի ճգնաժամի դեմ պայքարում. The Guardian
Կորոնավիրուսի համավարակի թեժ պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցման մասին ապացույցն է առ այն, եթե այդպիսին առհասարակ անհրաժեշտ էր, որ նա քավության նոխազներ է փնտրում ճգնաժամի նկատմամբ իր աշխատակազմի այդքան ուշացած և քաոտիկ ռեակցիայի համար: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
ԱՄՆ-ն ԱՀԿ-ի խոշորագույն դոնորն է, այս երկրից ստացվող ֆինանսավորումը հասնում է տարեկան 400 միլիոն դոլարի:
Տեսականորեն Սպիտակ տունը չի կարող արգելափակել Կոնգրեսի կողմից մանդատավորված մարմնի ֆինանսավորումը, բայց Թրամփի աշխատակազմը միջոցներ գտել է շրջանցելու այդ սահմանադրական խոչընդոտները: Այդ ամենը նրանք կարող են անել՝ հիմնավորելով, որ այլևս ի վիճակի չեն վճարելու կամ պատժամիջոցներ կիրառելով:
Ֆինանսավորումը կարող է պաշտոնապես չեղարկվել միայն Սենատի հավանությամբ:
«Ինչպես էլ դա արվի, դա շատ կարճատես և վտանգավոր որոշում է ցանկացած ժամանակ, նամանավանդ համավարակի պայմաններում»,-ասել է Ջորջթաունի համալսարանի Համաշխարհային առողջապահական գիտության և անվտանգության կենտրոնի պրոֆեսոր Ալեքսանդրա Փելանը:
Հանրային առողջապահության ոլորտի պաշտոնատար անձինք ընդհանուր առմամբ համաձայն են այն մտքին, որ ԱՀԿ-ի ռեակցիան համավարակին իդեալական չէր, սակայն այն բավականին բարելավել է արդյունավետության ցուցանիշները 2014 թվականի Էբոլայի վարակի դեմ պայքարի համեմատ և անհամեմատ ավելի լավ է գործել, քան հենց ԱՄՆ-ն` նույն կորոնավիրուսի դեմ պայքարում:
Որքանով լավ դեր կխաղա Թրամփի համար ԱՀԿ-ից քավության նոխազ դարձնելը գալիք ընտրություններում, անհնար է ասել, սակայն այս քայլը համաշխարհային ասպարեզում դիտվելու է ևս մեկ քայլ ԱՄՆ-ի կողմից` համաշխարհային առաջնորդությունից հրաժարվելու ուղղությամբ, գրում է պարբերականը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնը դադարեցնում է ֆինանսավորել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրում է համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար: Ի պատասխան Թրամփի մեղադրանքների, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հանդես էր եկել միասնության կոչով ու հորդորել էր խուսափել ճգնաժամը քաղաքականացնելու փորձերից:










